
Նոր խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ բջջանյութի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը գիշերային հերթափոխով աշխատողների մոտ։
Այս աշխատությունը հրապարակվել է Nutrients ամսագրում և հիմնված է ավելի քան 220,000 չափահաս անձանց տվյալների վրա, որոնց առողջական վիճակին հետևել են շուրջ 13 տարի։
Գիտնականները հաստատել են, որ գիշերային աշխատանքն ինքնին կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ. գիշերային հերթափոխով աշխատողների մոտ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը մոտ 10%-ով ավելի բարձր է, քան ցերեկային ժամերին աշխատողների մոտ։
Այս կապի հնարավոր պատճառներ են համարվում օրգանիզմի կենսաբանական ռիթմերի (ցիրկադային ռիթմերի) խաթարումը, նյութափոխանակության և հորմոնալ ֆոնի փոփոխությունները։
Սակայն վերլուծությունը ցույց է տվել մի կարևոր նյուանս՝ գիշերային աշխատանքի ազդեցությունը զգալիորեն կախված է եղել սննդակարգից: Այն մարդիկ, ովքեր օգտագործել են քիչ քանակությամբ բջջանյութ, ունեցել են ռիսկի ավելի արտահայտված աճ, մինչդեռ բավարար քանակությամբ սննդային մանրաթելերի դեպքում այդ տարբերությունը հարթվել է: Հեղինակների հաշվարկներով՝ մշտական գիշերային հերթափոխով աշխատողների համար օրական մոտ 19 գրամ բջջանյութն արդեն իսկ ասոցացվել է ռիսկի նվազեցման հետ՝ հասնելով ցերեկային աշխատողների մակարդակին:
Նրանց համար, ովքեր գիշերն աշխատում են դրվագային տեմօով, այդ ցուցանիշը կազմել է օրական մոտ 15 գրամ: Մինչդեռ մեծահասակների համար ընդհանուր հանձնարարականները սովորաբար կազմում են օրական մոտ 25 գրամ:
Բջջանյութը պարունակվում է բանջարեղենի, մրգերի, ամբողջական հացահատիկային մթերքների և լոբազգիների մեջ: Այն նպաստում է աղիքային միկրոբիոտայի բարելավմանը, օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը և դրական ազդեցություն է ունենում լիպիդային փոխանակության վրա։ Այս բոլոր գործոնները վճռորոշ դեր են խաղում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման գործում:
