ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է Ժամանակակից
երաժշտության փառատոնը, որը մեկնարկել է փետրվարի 21-ին և կանցկացվի մինչև մարտի 30-ը։ Փառատոնային
ծրագրում ներառված յոթ համերգներում ներկայացվում են 20-րդ դարի, ինչպես նաև արդի անվանի կոմպոզիտորների
ստեղծագործությունները, այդ թվում՝ համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։
Փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի է ունեցել Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային
պրեմիերան։ Ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի
ղեկավարությամբ, ներկայացրել է անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև
Ալեքսանդր Աճեմյանի Տոնական նախերգանքը։ Ի նշանավորումն Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյա հոբելյանի՝
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան, որը տասնամյակներ
շարունակ չէր հնչել հայկական բեմում։
Փառատոնի շրջանակում կայացել է նաև ժամանակակից հայտնի թավջութակահար Մարիո Բրունելլոյի մենահամերգը։ Նա
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է և հայ
հանդիսատեսին ներկայացրել է «Բախ-Վայնբերգ» համերգային ծրագիրը։
Փառատոնային ծրագրի հաջորդ համերգային ծրագրում հնչել են Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Արթուր
Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լևինգսթոն ճայը»
գրական երկի հիման վրա։ Նվագախումբը ներկայացրել է նաև Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ»
ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Հնչել է նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը,
որը Հայաստանում կատարվել է առաջին անգամ (մենակատար՝ Մարիո Բրունելլո)։
Ժամանակակից երաժշտության փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 5-ին․ դիրիժոր՝ Խաչատրյանի անվան
միջազգային մրցույթի հաղթող Ֆերնանդո Օսկար Գաջին, մենակատար՝ Հեղինե Ռափյան (դաշնամուր)։
Փառատոնային մյուս համերգները տեղի կունենան մարտի 16-ին, 17-ին և 30-ին:
Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստն ունկնդրին
ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։
Ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։
Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։
Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ նպատակով
իրականացվում են հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված մի շարք աշխատանքներ՝
սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրում, տեսագրում և միջազգային հարթակներում թողարկում, նոտաների
թվայնացում և հրատարակում:
