«Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր». Տիգրան Ավինյան

 

Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է
Հայաստանի բանկերի ղեկավարներին: Կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու
զարգացումը՝  քաղաքապետ Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական
ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների
կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ
անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել
համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով
ենթակառուցվածքային զարգացման համատեղ տարբեր ծրագրեր։
Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն
մրցույթի: Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ներդրումային
ծրագրերի հարթակում:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բանկերին, որոնք արդեն դարձել են Երևանի
վստահելի գործընկերը և իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու քաղաքի համար կարևոր
նախագծերի կյանքի կոչմանը: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ գործընկեր բանկերի շրջանակն
առաջիկայում ևս կընդլայնվի:

Spread the love