Եվրոպայում գազի գինը մեկ շաբաթում աճել է 115%-ով՝ Կատարից ՀԲԳ-ի արտահանման դադարեցման պատճառով

2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինը կտրուկ աճ է գրանցել։ Փետրվարի վերջի համեմատ աճը կազմել է 115%՝ հաշվի առնելով երկուշաբթի օրվա մինչև 68,8 եվրո/ՄՎտժ (գրեթե 835 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար) աճը։ Եվրոպան Կատարից, որը դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, այդքան էլ շատ գազ չի ներմուծում, այնուամենայնիվ, կրճատված ռեսուրսների պատճառով Եվրոպան ստիպված կլինի մրցակցել այլ գնորդների հետ։

Ներկայիս ճգնաժամն իր մասշտաբներով առայժմ մնում է անհամեմատ ավելի փոքր, քան 2022 թվականինը։ Այն ժամանակ, նույնիսկ նախքան Ուկրաինայում ռուսական ներխուժումը, Եվրոպայում գազը թանկացել է մինչև 80-90 եվրո/ՄՎտժ, այդ թվում այն պատճառով, որ «Գազպրոմը» պատերազմի մեկնարկից մոտ կես տարի առաջ գազ չէր վաճառում սփոթային շուկայում և այն պահում էր իր եվրոպական պահեստարաններում։ 2022 թվականի օգոստոսին ամանեբարձր գինը կազմել է 340 եվրո/ՄՎտժ-ն (այն ժամանակ դա կազմում էր մոտ 3600 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար)։

Կատարը դադարեցրել է հեղուկացված գազի մատակարարումները՝ Իրանում տիրող պատերազմի պատճառով (վերջինս արգելափակել է Հորմուզի նեղուցը)։ Եվրամիության երկրները Կատարից ստացել են իրենց ՀԲԳ-ի ներմուծման 6-8%-ը, մինչդեռ ԱՄՆ-ից՝ մոտ 60%-ը։ Սակայն, օրինակ, Չինաստանը Կատարից կախված է 25-30%-ով։ Ընդհանուր առմամբ, մերձավորարևելյան պետության մասնաբաժինը հեղուկացված գազի համաշխարհային շուկայում կազմում է 20%։ «Եթե Բեռլինում ձեզ ԱՄՆ-ից եկող գազով լրացուցիչ գազատար լցանավ է անհրաժեշտ, ապա դուք ստիպված կլինեք դրա համար բավականին բարձր գին վճարել, որպեսզի այն չուղղվի դեպի Տոկիո», — նշել են Bernstein-ի վերլուծաբանները։ Ինչպես գրում է Bloomberg-ը, դեպի Եվրոպա ուղևորվող մի քանի ՀԲԳ լցանավեր անցյալ շաբաթ արդեն շրջվել են դեպի Ասիա։

Տաք եղանակի պատճառով Եվրոպան գրեթե դադարեցրել է ստորգետնյա պահեստարաններից գազի դուրսբերումը, սակայն ընթացիկ ջեռուցման սեզոնն այն ավարտում է շատ ցածր պաշարներով։ Ներկայումս դրանք կազմում են 30%-ից պակաս (վերջին հինգ տարիների միջինը կազմող մոտ 45%-ի դիմաց)։ Սա նշանակում է, որ հաջորդ սեզոնի համար նրանք ստիպված կլինեն զգալիորեն ավելի մեծ ծավալներ ձեռք բերել։

Սակայն, ինչպես Financial Times-ին հայտնել է Կատարի էներգետիկայի նախարարը, նույնիսկ եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունն անմիջապես ավարտվի, երկրին անհրաժեշտ կլինի «մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս»՝ մատակարարումների բնականոն փուլին վերադառնալու համար։ Goldman Sachs-ը բարձրացրել է Եվրոպայում գազի գների կանխատեսումը II եռամսյակի համար՝ 45-ից հասցնելով 63 եվրոյի՝ ենթադրելով, որ Կատարից մատակարարումներ չեն լինի մինչև մարտի վերջ, իսկ ապրիլի ընթացքում դրանք աստիճանաբար կվերականգնվեն։

Կատարում հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցումը կարող է վերացնել համաշխարհային շուկայում ՀԲԳ ավելցուկի մեծ մասը (որը կանխատեսվում էր այս տարվա համար), այսպիսի կարծիք են հայտնել Morgan Stanley-ի վերլուծաբանները։ Նրանք նաև նշել են, որ ավելի քան մեկ ամիս տևող արտահանման բացակայությունը «արագորեն դեֆիցիտ կստեղծի»։

Spread the love