ԱՄՆ-ն ու Իսրայելը ձախողվել են․ «Պլան Ա»-ն տապալվել է․ Աբաս Արաղչի

ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում էին որոշակի նպատակների հասնել և իրագործել իրենց առջև դրված խնդիրները, սակայն ձախողվեցին։ Այս մասին PBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակներ էին հետապնդում Վաշինգտոնն ու Թել Ավիվը՝ Իրանին հարվածներ հասցնելով։

«Նրանք կարծում էին, թե երկու-երեք օրվա ընթացքում կկարողանան հասնել իշխանափոխության, արագ ու «մաքուր» հաղթանակի, բայց ձախողվեցին։ Ուստի ես կարծում եմ, որ նրանց «Պլան Ա»-ն տապալվել է և հիմա նրանք այլ տարբերակներ են փորձարկում, որոնք նույնպես հաջողություն չեն ունենում։ Չեմ կարծում, թե նրանք պատկերացնում են որևէ իրական ելք, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք, պարզապես քաոս է», – նշել է Արաղչին։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ իրենց հայտարարություններով ու գործողություններով նրանք «պարզապես սկսել են կույր հարվածներ հասցնել մեզ»։

«Նրանք հարձակվում են. այսօր թիրախավորել են բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ ու դպրոցներ։ Նրանք սկսել են հարվածել մեր ենթակառուցվածքներին, ինչը չափազանց վտանգավոր քայլ է։ Արդյունքում տեսնում եք, որ նավթի գներն ամբողջ աշխարհում բարձրանում են։ Այնպես որ, ես չեմ տեսնում որևէ ողջամիտ նպատակ, որին նրանք ձգտում են։ Հենց սկզբից նրանց չհաջողվեց հասնել իրենց խնդիրների իրագործմանը և հիմա՝ 10 օր անց, կարծում եմ՝ նրանք պարզապես գործում են աննպատակ կերպով», – նշել է Արաղչին։

Spread the love