2026 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 121,285 զբոսաշրջիկ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 117,372։
2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։
Ներկայացված են նաև 2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։
Ըստ այդմ` այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, Հայաստան ավելի շատ այցելել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թ. հունվարը ռեկորդային է եղել։
