Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի

Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի եւ կանցկացվեն նոր ընտրություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Թալինի համայնքապետարանից։

Համայնքապետարանից նշեցին, որ արտահերթ ընտրությունները կնշանակվեն ամռանը, իսկ մինչ այդ կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել։

Ավագանու անդրանիկ  նիստում ՔՊ-ն առաջադրել էր Տավրոս Սափեյանի, ընդդիմադիր կոալիցիան «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը։ Տավրոս Սափեյանն ստացել էր 11 կողմ ձայն, իսկ Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Սափեյանն ուներ 10 մանդատ, սակայն իր օգտին կողմ էր քվեարկել նաեւ «Հայք» խմբակցությունից Կարեն Գրիգորյանը, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետեւաբար, ՔՊ-ի 10 ձայնը բավարար չէր ավագանու նիստեր գումարելու համար: Արդյունքում՝ երեք ամիս շարունակ ավագանու նիստեր չէին անցկացվում։

Նախորդ շաբաթ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Զարթոնքը» եւ «Մեր համայնքը» հայտարարել էին, որ պատրաստ են մասնակցել ընտրություններին։ NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հայտարարեց, որ ավագանու նիստեր չեն գումարվի եւ համայնքը կգնա նոր ընտրությունների, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են ներկայանալ ավագանու նիստերին միայն այն պատճառով, որ չկորցնեն իրենց մանդատները։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Մնացական Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ավագանու նիստերին մասնակցելու նպատակը մեկն է՝ համայնքի խնդիրները, սակայն իրենք պատրաստ կլինեն նոր ընտրությունների։

Համայնքի ավագանին կլուծարվի ապրիլի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ գումարված նիստում ընդունված ՏԻՄ օրենքում փոփոխություն կատարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախագծի շնորհիվ։ Ըստ փոփոխության՝ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Spread the love