Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի համար 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝
հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային
հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել
6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ:
«Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ
հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու
հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր
կողմից իրականացվող շինարարական աշխատանքները պետք է լինեն ամենաօրինակելին, որպեսզի
մասնավորը նույնպես մեզանից օրինակ վերցնի»,- ընդգծել է քաղաքապետը:
Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20
կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր
կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային,
ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման
համակարգերով: Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կընդլայնվի կանաչ գոտին, կկառուցվի
խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման
համակարգ ու արտաքին լուսավորության ցանց:

Spread the love