«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում»․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում»․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»
ազդարարում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 2026 թվականի
մեկնարկը։
Նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային
կրթություն ստանալու ցանկություն ունեցող հատուկ կարիքով երեխաների թիվն աճել է, ինչը
ենթադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։
Ծրագիրը նպատակ ունի մանկավարժներին փոխանցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք
ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք
թույլ կտան յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր։
Այս տարվա ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից, որտեղ ապրիլի 13-18-ը կանցկացվեն
մասնագիտական դասընթացներ՝ ուղղված մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների
հմտությունների զարգացմանը։
«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2026 թվականի ծրագիրը կընդգրկի նաև
Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի մարզերն ու Երևանը։ Տեսական և գործնական դասընթացների
իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական դասալսումներին իրենց անմիջական մասնակցությունը
կունենան հայաստանյան 6 առաջատար մասնագետներ և 3 փորձագետներ արտերկրից։ Շուրջ 20
ուսումնական հաստատությունների ավելի քան 180 մանկավարժներ ձեռք կբերեն ներառական
դասավանդման նոր կարողություններ՝ նպաստելով կարծրատիպերի վերացմանը և յուրաքանչյուր
երեխայի ստեղծագործական ներուժի լիարժեք բացահայտմանը։
Միջազգային փորձի և նոր մեթոդների ներգրավումը հնարավորություն կտա մանկավարժներին
ծանոթանալ ներառականության ոլորտի լավագույն փորձին և ստացած տեսական գիտելիքները կիրառել
գործնականում: Դասընթացների ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև
մասնագիտական քննարկումներին։

Spread the love