ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
մարզական խաղերը մոտենում են եզրագծին: Այսօր անցկացված խաղերի արդյունքներով երկու տարիքային
խմբերում հայտնի են դարձել եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի մասնակիցները:
Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված հանդիպումներին հետևել է նաև ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Առաջին տարիքային խմբում՝ 5-6-րդ դասարանների պայքարում, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան
հիմնական թիվ 10 դպրոցի թիմն այսօր մրցել է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ
դպրոցի թիմի հետ և 36:29 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում նրանք կմրցեն Գյումրու թիվ 15
հիմնական դպրոցի թիմի հետ, որն այսօր 50:34 հաշվով առավելության է հասել Կապանի թիվ 13
հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:
Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների թիմերը
կխաղան երրորդ տեղի համար:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 1-ին տարիքային խումբ
Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց – Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական
թիվ 10 դպրոց՝ 29:36
Կապանի թիվ 13 հիմնական դպրոց – Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց՝ 34:50
7-9-րդ դասարանների պայքարում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմն այսօր մրցել է Արարատի թիվ 4
հիմնական դպրոցի թիմի հետ և 51:23 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում Շիրակի մարզը
ներկայացնող դպրոցականներն ուժերը կչափեն Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական
դպրոցի թիմի հետ: Վերջիններս այսօր ուժեղ են գտնվել Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական
դպրոցի թիմից՝ առավելության հասնելով 59:18 հաշվով:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 2-րդ տարիքային խումբ
Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց՝ 23:51
Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց – Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51
հիմնական դպրոց՝ 18:59
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին յուրաքանչյուր մարզից և
Երևան քաղաքից մասնակցել են մարզային փուլում երկու տարիքային խմբերում առաջին տեղեր գրաված
թիմերը:
Մրցաշարն անցկացվել է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`
1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,
2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է
փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը:
2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան
8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր
մասնակցել 559 դպրոցից:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի
ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի
հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-
րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև
մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ
տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական
մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝
75,000-ական դրամ:
Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 18-ին Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ
է:
Ապրիլի 18-ի խաղացանկը՝
Ժամը՝ 11:00 – Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց – Կապանի թիվ 13 հիմնական
դպրոց / 5-6-րդ դասարաններ, երրորդ տեղի համար
Ժամը՝ 13:00 – Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական
դպրոց / 7-9-րդ դասարաններ, երրորդ տեղի համար
Ժամը՝ 15:00 – Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց – Գյումրու թիվ 15
հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, եզրափակիչ
Ժամը՝ 17:00 – Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց – Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական
դպրոց / 7-9-րդ դասարաններ, եզրափակիչ:
