Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության
հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով՝ ապրիլի 22-24-ը
շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Փարիզում կայանալիք G7-ի
շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։
Հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և
համադրել մոտեցումները կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանության
ոլորտներում։ Քննարկումների առանցքում կլինեն կլիմայական գործողությունները, էներգետիկ
անցումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների
նվազեցումը։
Այցի շրջանակում կքննարկվեն նաև անապատացման, հողերի դեգրադացիայի, ջրային և ծովային
ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անօրինական ձկնորսության դեմ պայքարի հարցերը։
Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ձևավորել ընդհանուր դիրքորոշումներ, որոնք կնպաստեն G7
գագաթնաժողովում ընդունվելիք որոշումների ձևավորմանը, ինչպես նաև կենսաբազմազանության
գլոբալ նպատակների առաջմղմանը՝ COP17-ի շրջանակում։
