Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում նոր
մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Նախակրթարանը
կունենա վեց խումբ և հնարավորություն կտա շուրջ 180 երեխայի` հաճախելու մանկապարտեզ:
«Այս տարի մենք կտանք վեց խմբանի ևս մեկ նոր մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ Նոր Խարբերդում:
Այս պահին իրականացնում ենք 24 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքեր, ընթացիկ տարում
սկսելու ենք ևս 13-ինը: Վերջին տարիների ընթացքում Երևանում հիմնանորոգել ու վերաբացել ենք 45
մանկապարտեզ և այս տեմպով շարունակելով մենք մի քանի տարի հետո Երևան քաղաքի բոլոր
մանկապարտեզներում կունենանք հարմարավետ պայմաններ»,- նշել է քաղաքապետը:
Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20
կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր
կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային,
ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման
համակարգերով: Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կձևավորվի կանաչ գոտի, կկառուցվի
խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման
համակարգ ու արտաքին լուսավորության ցանց: Շինարարությունն իրականացվում է նորագույն
չափորոշիչներով՝ շինհրապարակի հատուկ պահանջների կահավորմամբ:
Երևանում կառուցվում է հերթական նոր մանկապարտեզը՝ նախատեսված շուրջ 180 երեխաների համար
