ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ակտուալ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան այցին, ներառյալ՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։
«Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։