Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության
հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն
հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության,
ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների
կիրառման վերաբերյալ։
Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ
պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու
առողջական վիճակին համարժեք խնամքը։
Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ,
արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության
հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման
մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։
Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ
կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում
կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև
ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված
գործողությունների վերաբերյալ։
Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց
իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և
շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի
պետության առաջնահերթություններից մեկը։
