Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել
են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի
շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին
տեղում ծանոթանալու նպատակով։
Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ
արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն»
քրեակատարողական հիմնարկներ։
Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են
առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող
հարցերը և պահման պայմանները։
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են
քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում
դրանց անհապաղ արձագանքելու և լուծումներ առաջարկելու նպատակով։
Այցերի արդյունքները կամփոփվեն, և անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ
կպահանջվեն իրավասու մարմիններից։
Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու
իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում։
Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են
շարունակական բնույթ։
