Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

«Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝
վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր
կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և
անվտանգ լինի։
Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր
մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև
կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու
իրենց հանձնառությունը` փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց
անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովման գործում։
Այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են զրկված լինել անվտանգ
կենսագործունեություն ունենալու հնարավորությունից՝ պատերազմների, զինված
հակամարտությունների, հետապնդումների և բռնությունների հետևանքով։
Ընդգծում եմ, որ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։
Աշխատակազմը շարունակաբար իրականացնում է ոլորտային մշտադիտարկումներ,
ուսումնասիրություններ և վերլուծություններ, պատրաստում զեկույցներ,

համագործակցում միջազգային և ազգային գործընկերների հետ, ինչպես նաև
իրականացնում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Այս ոլորտում կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանի
նախաձեռնությամբ վերջերս ձևավորված` ՄԻՊ առընթեր Ապաստան հայցողների,
փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և
խթանման հարցերով հասարակական խորհուրդը, որը միավորում է քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտում ներգրավված այլ
շահագրգիռ կողմերի։ Խորհուրդը կարևոր հարթակ է՝ խնդիրների համատեղ քննարկման,
լուծումների մշակման և շահառուների ձայնն առավել լսելի դարձնելու համար։
Կարևորում եմ նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ արդյունավետ
համագործակցությունը՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանության մեխանիզմների ամրապնդման առումով։
Հարգելի´ գործընկերներ,
Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է` վերահաստատելու
մեր հանձնառությունը այն կարևոր գաղափարին, որ յուրաքանչյուր փախստական,
ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և
արժանապատիվ կենսապայմաններով, ինչպես նաև ունենա իր իրավունքների լիարժեք
պաշտպանության և արդյունավետ իրացման հնարավորություն։
Այս օրը նաև կարևոր հիշեցում է, որ յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում
մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով, ինչը
ենթադրում է, որ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները,
քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
ներգրավված բոլոր դերակատարները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն
այն աշխարհի, որտեղ ոչ ոք չի մնա անտեսված, իսկ յուրաքանչյուր մարդու
արժանապատվությունն ու իրավունքները կլինեն պաշտպանված»։

Spread the love