Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին

Իհարկե, մենք նույնպես տեսել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ինչ-որ պատճառով շտապողաբար փորձում են առաջ մղել մինչև Հայաստանի գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես նա մեկնաբանել է Հանրապետության իշխանությունների՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ծրագրերի վերաբերյալ հարցը, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին ու հանրաքվեներին միայն այն պայմանով, եթե կամարտահայտման օրվանից առաջ վերջին վեց ամսվա ընթացքում փաստացի բնակվել են Հայաստանում։

«Դրա լիարժեք իրավական վերլուծությունը, բնականաբար, պետք է թողնել փորձագետներին։ Թեև հայաստանցի որոշ մասնագետներ այս նորամուծություններում արդեն իսկ հնարավոր հակասություններ են տեսնում Հայաստանում գործող Սահմանադրության դրույթների հետ։ Սակայն էությունը բոլորովին այլ է. ինչպես ակնհայտ է, օրենքն ընդհանուր առմամբ կոչված է պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները։ Իսկ այս դեպքում ստացվում է կարծես թե հակառակը՝ հայկական անձնագիր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, այսինքն, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը՝ ակամայից հիշվում է 2025 թվականի Մոլդովայի ընտրարշավը։ Այն ժամանակ, եթե հիշում եք, Սանդուի վարչակարգը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի պարագայում նույնպես այդպես է ստացվում. սփյուռքը մեկուսացված կմնա իր երկրի ու իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից»,- ասել է Զախարովան։

Նրա կարծիքով՝ ուշագրավ է նաև այն, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում լայն հանրությանը, և «թե ինչպես է այդ ամենը նետվում տեղեկատվական դաշտ»։

«Մենք տեսանք, որ մի շարք իշխանամետ լրատվամիջոցներում այն ներկայացվում էր որպես միջոց, ես նույնիսկ նկատել եմ, Կրեմլի առասպելական «հիբրիդային հարձակումների» դեմ պայքարելու համար միջոցները, որն իբր փորձում էր խորհրդարանական ընտրությունների համատեքստում գործի դնել Ռուսաստանի հայ համայնքի ռեսուրսը։

Գիտեք, ես կարծում եմ, որ այս առասպելը պարզապես փոշիանում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված թվերի հիման վրա։ Ըստ նրանց տվյալների՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետություն է մուտք գործել ավելի շատ քաղաքացի, քան ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ դեպքում ո՞վ է ի վերջո անազնիվ գտնվում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Spread the love