Պետության կողմից կատարվել է Մարդու իրավունքների պաշտպանի
հերթական առաջարկը․ ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց
կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական
կարգավորումներ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է «Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»
օրենքի ընդունումը, որով ամրագրվել է տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար
կրթությունը շարունակելու իրավական հնարավորությունը՝ կրթության իրավունքի
արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։
Օրենքով սահմանվում է, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս
նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ
ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են
չտարածվել այն դեպքերի վրա, երբ դա անհրաժեշտ է կրթության շարունակականությունն
ապահովելու և հեռավար (դիստանցիոն) կրթական ծրագրերով ուսումը շարունակելու
նպատակով։
Այս իրավական կարգավորումը թույլ է տալիս համաչափորեն հավասարակշռել քրեական
դատավարության նպատակները և անձի կրթության սահմանադրական իրավունքի
արդյունավետ իրացումը։
Հիշյալ խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս, այդ թվում`
տարեկան հաղորդումների շրջանակներում՝ արձանագրելով, որ տնային կալանքի
պայմաններում գտնվող անձինք չպետք է զրկվեն կրթությունը շարունակելու իրական
հնարավորությունից և կարևորելով այդ ուղղությամբ համապատասխան օրենսդրական
փոփոխությունների իրականացումը։
Մարդու իրավունքների պաշտպանը ընդունված օրենսդրական փոփոխությունը
դիտարկում է՝ որպես կարևոր առաջընթաց` թե´ ՄԻՊ առաջարկները պետության կողմից
կատարելու, թե´ քննարկվող հարցի կարգավորման տեսանկյունից` առանցքային
համարելով դրա լիարժեք, արդյունավետ և հետևողական կիրառումը պրակտիկայում։
