Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության
միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026
թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի
որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև
ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ
տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային
գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և
մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ
արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս
ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում
շարունակվում է:
Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից
զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են
մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական
ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել
որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ
ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-
Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա
իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում
տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան
փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների
ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը
խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային
դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի
հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝
իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ
քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է
նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական
ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների
իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու
մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու
իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական
դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների
կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության,
անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման
իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական
հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման
իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված
լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների
վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ
այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է
համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է
չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ
անհրաժեշտ է:
Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի
և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու
տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի
առնչությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի
համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական
նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է
հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին,
կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց
որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ
բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև
հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և
ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների
առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն
ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության
արդյունքները։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում
ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են
համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես
տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս
առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու
ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։
Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս
արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի
շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
