Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր
տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս
անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում
պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող
խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև
բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։
Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական
բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության
հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս
չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է
ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված
խնդիրների։
Մասնավորապես, ազատությունից զրկված անձինք երբեմն ստիպված են լինում տևական
ժամանակ գտնվել գիշերելու և հանգստի համար համապատասխան պայմաններ չունեցող
խցերում։ Այդ ընթացքում նրանք չեն ապահովվում օրգանիզմի կանոնավոր
կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով և մշտական ընդունման դեղորայքով:
Դատարանների խցերը հիմնականում ապահովված չեն նյութական անհրաժեշտ
հագեցվածությամբ։
Դատարանի խցերում պահվող ազատությունից զրկված անձանց՝ հանձնուքների
ընդունման ընթացակարգի և միասնական իրավակարգավորումերի բացակայությունը
հանգեցնում են ազատությունից զրկված անձանց առաջին անհրաժեշտության իրերով և
սննդով ապահովելու, ինչպես նաև դրանց ընդունումը պատշաճ կազմակերպելու և
վերահսկելու հետ կապված գործնական խնդիրների։
Մարդու իրավունքների պաշտպանը այս հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում
է, որ դա կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ
վերաբերմունքի:
Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությամբ պայմանավորված՝
գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե ո՞ր
պետական մարմնի պարտականությունն է ազատությունից զրկված անձանց դատարանի
խցերում տեղաբաշխելը, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ,
բուժօգնություն, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու
իրավաբանական խորհրդատվությունը կոնֆիդենցիալ եղանակով ապահովելը:
Արդյունքում՝ ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային
մեխանիզմների բացակայությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված
անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետք է
օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորում ստանան ազատությունից զրկված
անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պարտադիր կենցաղային գույքով, պահման
բավարար պայմաններով, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու,
ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական
խորհրդատվության կազմակերպումն ապահովելու հարցերը՝ բացառելով նշված խնդրի
լուծմանն ուղղված տարբերակված և հայեցողական մոտեցումները։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային
լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ ակնկալելով սեղմ ժամկետներում պետական
իրավասու մարմինների արձագանքը ինչպես ոլորտում առկա օրենսդրական բացերը,
այնպես էլ գործնական խնդիրները լուծելու ուղղությամբ։
