Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:
Նշենք, որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են օտար լեզուների թեստավորման, համակարգչային գիտելիքների ստուգման ու մասնագիտական թեստավորման փուլերը և սահմանված ժամկետում պատշաճ ձևով ներկայացրել են բարեվարքության հարցաթերթիկը:
Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած դիմորդներն էլեկտրոնային հասցեներին կստանան ծանուցումներ` հարցազրույցի օրվա, ժամի և այլ մանրամասների վերաբերյալ: