Ներկայացվել են Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզները

Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։

Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը:

Իր ելույթում Արտակ Մանուկյանը նշեց, որ կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի․ դրանք այլևս աբստրակտ չեն, այլ տարբեր դրսևորումներով արդեն տեսանելի են երկրի իրականության մեջ և դառնում են չափելի ցուցանիշներ։ Նրա խոսքով՝ ներկայացված քարտեզը հնարավորություն է տալիս տվյալներն օգտագործել ոչ միայն վարկավորման որոշումների, այլև կանխարգելիչ, սոցիալական և ֆինանսական ծրագրերի մշակման ընթացքում։ Նա ընդգծեց նաև, որ պետական կառավարման մարմինները կարող են այդ տվյալները ներառել իրենց որոշումների կայացման գործընթացում՝ ապագա ռիսկերը գնահատելու և կանխարգելելու համար։

«Կլիմայական ռիսկերը զգալի ազդեցություն են ունենում տնտեսության և ֆինանսական համակարգի վրա։ Այս գործիքը կօգնի ավելի լավ գնահատել այդ ռիսկերը և որոշումներ կայացնել հստակ ու վստահելի տվյալների հիման վրա։ ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու ֆինանսական համակարգի դիմակայունությունը և զարգացնելու կլիմայական ռիսկերին արդյունավետ արձագանքելու կարողությունները, – նշեց ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

Մշակված քարտեզները հնարավորություն են տալիս տարբեր բնակավայրերի և տարածքների համար գնահատել կլիմայական վտանգների ազդեցությունը՝ տեղեկատվական հիմք ստեղծելով ռիսկերի կառավարման, պետական և տարածքային պլանավորման, ներդրումային որոշումների և կլիմայական դիմակայունության բարձրացման համար։

Ծրագրի հիմնական արդյունքները ներկայացրեցին Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Մարինե Նիկողոսյանը։ Ներկայացվեցին նաև քարտեզների մշակման մեթոդաբանությունը, օգտագործված տվյալներն ու աղբյուրները։

ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ մշակված այս գործիքը մեկ հարթակում մեկտեղում է կլիմայական և ջրային ռիսկերի վերաբերյալ տվյալները՝ օգնելով ավելի լավ գնահատել ռիսկերը և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ», – նշեց Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական ներկայացուցչության ծրագրերի պատասխանատու Մարինե Նիկողոսյանը։

Միջոցառումն ավարտվեց բաց քննարկմամբ՝ պետական մարմինների, ֆինանսական հատվածի, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

 

Spread the love