Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը և վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը

 

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով,
որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում և իրեն օրենքով
նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա
կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու
հիմնավորմամբ։
Քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն
արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր
կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը
ստանալու հարցում։
Բարձրացված հարցը Պաշտպանը հասցեավորել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության
նախարարություն (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)։
ՄԻՊ հաստատության և նախարարության արդյունավետ համագործակցության
արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում․ վերականգնվել է
վերջինիս կենսաթոշակի իրավունքը, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսներին
չվճարված կենսաթոշակը։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում
հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ
պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը։

Spread the love