Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի, ինչպես «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված ֆինանսական հաստատությունների կողմից կրիպտոակտիվով գործարքների առնչությամբ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները» որոշման նախագիծը:
Նախագիծը մշակել է Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը՝ հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։
Նախագծով սահմանվում են կրիպտոակտիվով գործարքների առնչությամբ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման ձևը, կարգը և ժամկետները։
Նախագծի ընդունմամբ՝
- կրիպտոակտիվներով գործարքների վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոնին կտրամադրվեն մեկ միասնական ձևով՝ հաշվի առնելով կրիպտոակտիվներով գործարքներին բնորոշ կետերը բոլոր ֆինանսական հաստատություններին միասնական ձևով հասանելի դարձնելու անհրաժեշտությունը,
- Նախագծով սահմանված կրիպտոակտիվով ծառայություններ մատուցող անձինք Ֆինանսական դիտարկումների կենտրոնին կտրամադրեն 5 միլիոն դրամին հավասար կամ գերազանցող կրիպտոակտիվով (այդ թվում՝ արժեթղթերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվով) գործարքների վերաբերյալ հաշվետվություններ,
- ֆինանսական հաստատությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոնին կտրամադրեն սեփական կարիքների համար կատարվող կրիպտոակտիվով գործարքների վերաբերյալ հաշվետվություններ, եթե գործարքի գումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը։
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց Նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. դեկտեմբերի 11-ը։ Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
