Սարդարապատից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների քայլերթը դեպի Երևան. Սա 4-րդ խումբն է

Արմավիրի մարզից՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտից այսօր՝ ապրիլի 28-ին, սկսվեց «Դիմադրություն» շաժման 4-րդ խմբի քայլերթը դեպի Երևան։

«Անցնող 4 օրերին  տարբեր վայրերից իրազեկման երթերն արդեն մեկնարկել են։ 4 վայրն էլ խորհրդանշական է. սկսվեց Տավուշից, որը եղել է հերոսական, ցավոք սրտի, այս շաբաթներին իշխանությունը չի խորշում խոսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել  սահմանապահ Տավուշը։

Երկրորդ վայրը նույնպես խորհրանշական է՝  Տիգրանաշենը, Երասխի բարձունքը։ Իշխանությունը խոսում է  Երասխում հայելային հետքաշման մասին, որը վտանգելու է  հայոց աշխարհը։

Երրորդ վայրը Բաշ Ապարանն է, ևս խորհրանշական, և չորրորդը՝ Սարդարապատ, այն  Սարդարապատը, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցավ հայության կենաց-մահու կռիվը։ Այդ օրերին  Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղեցին Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ մահապարտ գունդը, որն  անձնվիրաբար կռվեց։ Այսօր հերթը մերն է՝ Սարդարապատից հանուն Արցախի։

Մայիսի 1-ին լինելու ենք Երևանում, բոլոր ուղիներով շարժվող մեր զինակիցները լինելու են Երևանում՝ վճռական այն պայքարին, որը բերելու է խաղաղություն,  ապահովություն, արժանապատվություն մեր երկրին»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը քայլերթի մեկնարկին ուղիղ եթերում նշեց. «Մենք հաջողելու ենք, մենք վճռական ենք մեր գործողություններում և արդյունքի հասնելու ենք միասին»:

Երթի մեկնարկին բոլորը կատարեցին «Սարդարապատ» երգը, այնուհետև Սարդարապատի հուշահամալիրի տարածքում բարձրացվեց Արցախի Հանրապետության դրոշը։

Spread the love