ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Նա իր խոսքում, մասնավորապես նշեց, որ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե հետո Հայաստանը մշտապես իր աշխատանքները կոորդինացրել է Արցախի հետ:
«Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել:
Գիտեք, ես երբեմն մտածում եմ, թե այդ մասին հատուկ շեշտադրում անելու անհրաժեշտություն չկա, որովհետև դա այնքան տրամաբանական փաստ է, որ շեշտադրելը նույնիսկ երբեմն կարող է ավելորդ լինել: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է: Այս է պատճառը, որ մենք մշտապես, պարոն նախագահ, Ձեզ հետ անձամբ կապի մեջ ենք: Նաև մեր մյուս գործընկերներն աշխատում են զուգահեռ Արցախի գործընկերների հետ:»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Արցախի նախագահին՝ նշեց. «Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ:
Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,-հայտարարեց է Փաշինյանը: