Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել: Այս մասին Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում գրում է Ամբերին Զամանը:
Բանակցությունները, որոնք սկսվել են այս տարվա սկզբին, դեռեւս զգալի արդյունքներ չեն տվել:
«Ոչ մի առաջընթաց դեռեւս չի գրանցվել, սակայն հանդիպումները շարունակվելու են»,- հեղինակը մեջբերում է անանուն դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցերի ֆոնին:
«Անցյալ ամիս Հայաստանի խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ Փաշինյանն ասել է, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում իր վրա՝ ենթադրելով, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, եւ անկախ այն հանգամանքից, թե որքան դառն է դեղահաբը, երկրի առաջնորդները պետք է նախապատվություն տան խաղաղությանը՝ երկրի ապագա սերունդների շահերից ելնելով: Փաշինյանի ելույթը, որով վերջինս ակնարկում էր Լեռնային Ղարաբաղի հարցում ճկունություն դրսեւորելու մասին, բողոքի ալիք է բարձրացրել նրա հակառակորդների շրջանում, որոնք նրան մեղադրում են երկիրը վաճառելու մեջ»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Թուրքիան վաղուց հասկացրել է, որ Հայաստանի հեռանալն օկուպացված տարածքներից բավական կլինի, որպեսզի երկրները կարգավորեն իրենց հարաբերությունները: Համարվում է, որ Թուրքիան զսպում է իրեն, որպեսզի թույլ տա Ադրբեջանին օգտվել իր առավելություններից՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանից հետագա զիջումների հասնելու համար… Մասնավորապես, խոսքը նրան հասնելու մասին է, որ Հայաստանը մի կողմ դնի Լեռնային Ղարաբաղի հանդեպ բոլոր պահանջները»,- հավելել է հոդվածագիրը: