Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։
«Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։