Շիմպանզեները շփվելու համար բավականին հարուստ լեզու են օգտագործում, որի «բառերը» նրանք կարողանում են միավորել «նախադասությունների» մեջ, պարզել են Գերմանիայի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության համալսարանի փորձագետները: Նրանք ավելի մանրամասն նկարագրել են իրենց դիտարկումները Communications Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները վերլուծել են Կոտ դ’Իվուարի Տաի ազգային պարկի չափահաս շիմպանզեների միջեւ գրեթե 5000 զրույցի ձայնագրությունները՝ ընդհանուր մոտ 900 ժամ: Նրանք կարողացել են առանձնացնել 390 եզակի ձայնային հաջորդականություն։
Թեեւ ակնհայտ էր, որ շիմպանզեների արձակած ձայները որոշակի տեղեկություններ են կրում, սակայն ձայնավորացման այդպիսի լայն սպեկտրն անակնկալ էր գիտնականների համար:
«Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ շիմպանզեի ձայնային հաղորդակցման համակարգը շատ ավելի բարդ եւ կառուցվածքային է, քան համարվում էր»,- հայտարարել են նրանք:
Գիտնականները հայտնաբերել են ընդհանուր 12 տարբեր տեսակի ձայնավորացում, այդ թվում՝ խռխռոց, բառաչոց եւ նվնվոց: Ձայնավորացման կիրառման վրա ազդել է համատեքստը. այդպես շիմպանզեն մեկ խռնչյուն հանում էր ուտելիք տեսնելիս, իսկ մի քանիսը՝ որպես հնազանդ ողջույնի նշան:
Թեեւ շիմպանզեի լեզուն ավելի աղքատ է, քան մարդկայինը, պարզվել է, որ այն շատ ավելի հարուստ եւ բազմազան է, քան համարվում էր, նշում են հետազոտողները: Բացի այդ, դրանում հավանաբար ավելի շատ հնարավոր համակցություններ եւ հնչյուններ կան, քան մենք կարողացել ենք բացահայտել: Գիտնականները հույս ունեն, որ կապիկների լեզվի հետագա հետազոտումը կօգնի ավելին իմանալ մարդկանց լեզվի ծագման մասին: