«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն բարձրացրել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի գինը։ Այս մասին NEWS.am-ին են հայտնում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչները։
Բնակիչներից Մարտին Գեւորգյանի խոսքով ՝ ուղեվարձի գինը բարձրացվել է ամենաքիչը 100 դրամով. «Սկզբում բնակչությունը ընդվզեց եւ ուղեւորավարձը մի փոքր իջեցրին։ Հիմա կրկին բարձրացել է, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք շուրջ 100 տոկոսով է բարձրացել։ Սպասարկումը նույնպես շատ վատն է, վարորդներ կան, որոնք իսկական չոբաններ են, աթոռներ են դնում մեջտեղերը, բնակիչներին խցկած տանում։ Այդ բոլորը ապացույցներով ունենք։ Չվացուցակ ընդհանրապես չունեն, երբ ուզում են, կարող են քշել։ Հիմնականում բարձրացրել են Աբովյան-Երեւանի, Նոր Գեղի-Նոր Հաճն-Աբովյանի, Չարենցավան-Երեւանի, Աբովյանի Աբովյանի գյուղեր ուղղությունների ուղեվարձերը։ Օրինակ՝ Չարենցավանի գիծը 350-ից դարձրել են 500 դրամ։ Եթե մարդն ունի 2 ուսանող, 300 դրամ տալիս է որ գնան Աբովյանից, այնտեղից էլ 300 դրամով՝ Երեւան, նայեք՝ որքան ճանապարհածախս է լինում»։
Բնակիչը պատմեց, որ ուղեվարձի գնի բարձրացման պատճառը, ըստ ընկերության՝ պայմանավորված է դիզվառելիքի թանկացմամբ. «Մենք վստահեցնում ենք, որ վառելիքի գինը ընդհանրապես հիմք չի՝ ուղեւորավարձի գինը բարձրացնելու։ Մենք գիտակցում ենք, որ այս ընկերությունը շահ է փնտրում, իրենք ուզում են կարճ ժամանակում իրենց ծախսած փողերը հանեն։ Մենք տեղեկություններ ունենք, որ ցանկանում են Հայաստանի ամբողջ տրանսպորտային համակարգը մոնոպոլիզացնել։ Էս ժողովրդի վրա կաշին ու ոսկորն են մնացել, մարդիկ ասում են՝ ի՞նչ եք ուզում մեզնից»։
Նշենք, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին։