ՀՀ պետական պարտքը 2021-ի վերջին կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ. այն աճել է 6.4 տոկոսով. ֆիննախ

Հայաստանում հարկային եկամուտները 1 տրլն. 690 մլրդ դրամ է կազմել, իսկ ծախսերը՝ 2 տրլն 49 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում մայիսի 31-ին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այսպիսով, նախարարի խոսքով, 359.1 մլրդ դրամի դեֆիցիտ է գրանցվել:

«Ծախսերի կատարումը 97.8 տոկոս է կազմել։ Ճշգրտված պլանի համաձայն՝ կառավարությունը 359 մլրդ դրամի չափով դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիր է մշակել։ Իսկ իրականում ներգրավված միջոցներից ֆինանսավորվել է միայն 320 մլրդ դրամը»,- ասաց Խաչատրյանը։

«Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը:

«Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ դրամական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով: Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը»,-ասաց նախարարը:

Spread the love