ՀՀ օմբուդսմենի գրասենյակի առաջնահերթություններից է ատելության քարոզչության դեմ պայքարը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։
Նրա խոսքով, այս փուլում իրենք շփում են հաստատել շահագրգիռ կողմերի հետ՝ ի դեմս ԶԼՄ-ների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրադարձությունների զարգացման դինամիկան, ըստ ՄԻՊ-ի, ցույց է տալիս իր բարձրաձայնած խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ «Միայն այն, որ մենք անընդհատ հայտարարում ենք ատելության խոսքի տարածման անընդունելության մասին, բավարար չէ։ Մենք կոնկրետ գործողությունների անհրաժեշտություն ենք տեսնում»,- ասաց Գրիգորյանը։ Այս ուղղությամբ, ըստ օմբուդսմենի, ակտիվ աշխատանք եւ քննարկումներ են ընթանում։
Մասնավորապես՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հետ։ «Քննարկվում է համատեղ գործողությունների իրականացման հնարավորությունը, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առաջացած խնդիրը»,- եզրափակեց Քրիստինե Գրիգորյանը։