Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն:
Հնդկաստանի օժանդակությամբ` մարդասիրական և տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակներում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից Հայաստանին է տրամադրվել մի շարք մարդասիրական օգնություն։
Նկատի ունենալով Հնդկաստանի օժանդակությամբ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման կարևորությունը և դրանց արդյունավետությունը, ինչպես նաև հնդկական կողմի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ծրագրերի իրականացման համար դրամաշնորհային աջակցություն տրամադրելու առաջարկը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքել դրամաշնորհային աջակցության մասին Փոխըմբռնման հուշագիր։ Դրա կիրարկման ուղղությունները և շահառուները կորոշակիացվեն ստորագրումից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ։