Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական դրամատունն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության եւ դիրքի, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: 2021 թ. մակրոմիջավայրի տեսանկյունից 2020 թ. ճգնաժամից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը վերականգնվել է սպասվածից արագ տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5.7 տոկոս մակարդակ: Նրա հավաստմամբ՝ տնտեսական աճին նպաստել են ե՛ւ համաշխարհային պահանջարկի, ե՛ւ ներքին պահանջարկի՝ առավելապես մասնավոր հատվածի սպառման աճի ավելացումով: Կապիտալ ներդրումները որոշակի վերականգնվել են՝ պայմանավորված ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների աճով: Հայաստանում բարձր գնաճային միջավայրը պահպանվել է ամբողջ տարվա ընթացքում: Գների կայունության ապահովման նպատակով 2021 թ. ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ աստիճանաբար չեզոքացնելով խթանող դիրքը: Տարվա ընթացքում քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով, որի արդյունքում 12-ամսյա գնաճը տարեվերջին կազմել է 7.7 տոկոս:
Անդրադառնալով այս տարվա մակրոտնտեսական զարգացումներին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ 2022 թ. առաջին կեսին շարունակվել է տնտեսական բարձր ակտիվությունը, որին նպաստել են միջազգային այցելուների հոսքը եւ ներքին մասնավոր ծախսումներով պայմանավորված՝ ամբողջական պահանջարկի ավելացումը: Ըստ նրա՝ ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը՝ բարձրացնելով այն մինչեւ 4.9 տոկոս:
Ամբողջական պահանջարկի աճը հանգեցրել է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը, որի պարագայում մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել եւ կազմել է 9 տոկոս: Այդ իրավիճակում հաշվի առնելով նաեւ մատակարարման շղթաների խաթարումներով եւ առկա մեծ անորոշությամբ պայմանավորված գնաճային սպասումների աճը՝ Կենտրոնական դրամատունը առաջին եռամսյակի ընթացքում արդեն 1.5 տոկոսային կետով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Միաժամանակ դրամի արժեւորումը դրական ազդակ է փոխանցել գնաճային միջավայրի թուլացմանը, եւ 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազելով միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս մակարդակի:
Հարկաբյուջետային քաղաքականության պահպանման եւ միջնաժամկետ տնտեսական աճի վերականգնման համար, բարենպաստ միջավայրի ձեւավորման նպատակով 2021 թ. հարկաբյուջետային քաղաքականությունը պայմանավորվել է սահուն կոնսոլիդացիայի ճանապարհով պարտքի որոշակի նվազեցմամբ: Վերջինս արտացոլել է հարաբերականորեն զսպող քաղաքականության դիրքը՝ ուղեկցվելով հարկերի հավաքագրման բարելավման եւ դրանց համահունչ պետական ծախսերի գծով ծրագրային ցուցանիշների ավելացումով:
Տնտեսական աճի վերականգնման, ինչպես նաեւ հարկային օրենսդրության փոփոխության եւ վարչարարության բարելավման արդյունքում 2021 թ. հարկային եկամուտների գծով արձանագրվել է 14.6 տոկոս աճ:
Նշվել է, որ հարկային եկամուտները ՀՆԱ-ում ավելացել են 0.3 տոկոսային կետով, ինչը դեռեւս ցածր է Կառավարության ծրագրով նպատակադրված թիրախից: Պետական ծախսային քաղաքականությունը 2021 թ. առաջնորդվել է տնտեսական աճի վերականգնման եւ պարտքի աստիճանական կայունության սկզբունքներով՝ այդ թվում կարեւորելով համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքների մեղմանն ուղղված ծախսերի եւ ծրագրերի իրականացումը: Արդյունքում նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.8 տոկոսով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով:
ՀՀ ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են դրամի արժեւորմանը, ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը 2021 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ:
Ըստ բանախոսի՝ 2021 թ. կատարողականի առնչությամբ Հաշվեքննիչ պալատը իրականացրել է բյուջեի ծախսային մասի ավելի քան 91 տոկոսի ծածկույթից ընտրանքի նկատմամբ 18 գերատեսչությունում 72 հաշվեքննություն. արձանագրվել են 138 անհամապատասխանություն 13 գերատեսչությունում եւ բյուջեի ծախսային մասի շուրջ 0.15 տոկոսին վերաբերող 26 խեղաթյուրում, որոնք տեղ են գտել բյուջեի հաշվետվությունների մեջ 6 գերատեսչությունների հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններում:
Հաշվեքննիչ պալատը 2021 թ. հաշվեքննությունների ընթացքում ստացել է ողջամիտ հավաստիացում այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից:
Նշվել է, որ խեղաթյուրումները կարող են առաջանալ ինչպես սխալի կամ բացթողման հետեւանքով, այնպես էլ առերեւույթ հանցագործության հատկանիշների արդյունքում եւ կհամարվեն էական, երբ ողջամտորեն կանկալվի, որ դրանք կարող են ազդել առանձին վերցրած ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա:
Հաշվեքննիչ պալատը, հաշվեքննության ենթարկելով պետական բյուջեի միջոցների ֆինանսական գործառնությունների համար սահմանված ընթացակարգերի պահանջների կատարումը, հանգել է հետեւյալ եզրակացության: ՀՊ-ի կարծիքով ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը:
Ատոմ Ջանջուղազյանի հավաստմամբ՝ Հաշվեքննիչ պալատը 2021 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Հարցերը քննարկվել են Ազգային ժողովի հունիսի 15-ի հերթական նիստում: