Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով հոգևոր դասին, կենտրոնական վարչությանը, հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն: Իրաքահայոց թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Մելքոն Մելքոնյանն Իրաքի հավատավոր հայորդիների անունից ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ընտրության առիթով՝ ընդգծելով, որ Հայր Օշականն իր նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը։

Զրույցի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` հավաստիացնելով, որ իր ողջ ուժերն ու կարողությունները կներդնի և կծառայեցնի ի պայծառություն Իրաքի հայոց թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո զորակցությունը մաղթեց Օշական վարդապետին իր առաջնորդական առաքելության մեջ:

Spread the love