Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է մինչև տարեվերջ հաստատել Մայր օրենքի նոր հայեցակարգը։

Պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. կառավարման ի՞նչ մոդել է պետք Հայաստանին՝ հիմնականում այս հարցի պատասխանն է փնտրում խորհուրդը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատվեց այս տարվա հունվարին: Խորհրդի նախագահն արդարադատության նախարարն է:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցությունից, և ԱԺ-ից ներկայացված է միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»:«Մեր մեծագույն խնդիրն է ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, վկայակոչելով Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներն այսօր Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ընդգծելով, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՝ գործադիրի ղեկավարն արձանագրել է՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն:

«Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի», – ասել է վարչապետը:«Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը»

Վկայակոչելով Սահմանադրության 3-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է՝ Փաշինյանև նաև արձանագրել է՝ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի:

«Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է», – ասել է վարչապետը:

Տեղեկացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը մինչև տարեվերջ պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը՝ պարզաբանելով՝ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:

«Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն», – ուղերձում ասել է գործադիրի ղեկավարը:«Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը»

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով՝ Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը:

«Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլև մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների և հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը», – ասել է նախագահն՝ ընդգծելով՝ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները:

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մաղթելով, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում և առօրյա կյանքում:

Spread the love