Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ պաշտպանների բողոքը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ պաշտպանները  բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետեւանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչեւ 31 եւ ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության եւ կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Spread the love