ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը եւ եւս երկու անձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատուր Քոքոբելյանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:
Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:
Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:
Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27–ին լրատվամիջոցները գրել էին, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրը նույն օրը տնից դուրս է եկել եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Հաջորդ օրը Քննչական կոմիտեում 86–ամյա տղամարդու անհետացման դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Օգոստոսի 2–ին Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հայրը գտնվել է եւ տանն է։