Գիտնականները բացահայտել են դաջվածքների համար ներկերի մահացու վտանգը
Չորեքշաբթի օրը Չիկագոյում Ամերիկյան քիմիական ընկերության հանդիպման ժամանակ Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտությունը, որը ղեկավարել է անօրգանական քիմիայի դոցենտ Ջոն Սվիրքը:
Ինչպես նշել է Սվիրքը, դաջվածքների ներկերը կազմված են երկու մասից՝ պիգմենտից եւ կրող լուծիչից։ Պիգմենտը մոլեկուլային կամ պինդ միացություն է, իսկ կրող հեղուկը պիգմենտը տեղափոխում է մաշկի տարբեր շերտերով։
Գիտնականը պատմել է, թե ինչպես է ինքը եւ իր թիմը փորձարկել 56 հայտնի ներկեր, որից հետո հայտնաբերել են, որ դրանց կեսը պարունակում է քիմիական նյութ, որը նշված չէ պիտակի վրա:
«Ամեն անգամ, երբ մենք նայում էինք ներկերից մեկը, ինչ-որ բան էինք գտնում, որն ինձ ստիպում էր մտածել,- ասել է նա ACS-ին,- Օրինակ, մինչ օրս վերլուծված 56 տարբեր թանաքներից 23-ը ցույց են տալիս ազոտ պարունակող ներկանյութի առկայություն»:
The Daily Mail-ին տված հարցազրույցում, խոսելով իր աշխատանքի մասին, Սվիրքը նշել է, որ ազոտի միացությունները կարող են քայքայվել մեծ քանակությամբ բակտերիաների կամ ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությւամբ, որը ներթափանցում է արեւի ճառագայթների միջոցով եւ դառնում է «քաղցկեղածին»։
Քիմիկոսը նաեւ խոստովանել է, որ դեռ շատ բան կա սովորելու պիգմենտների եւ այն մասին, թե որքանով են դրանք անվտանգ:
Գիտնականը նաեւ նշել է, որ չկան պիգմենտների այնպիսի տեսակներ, որոնք հատուկ օգտագործվում են դաջվածքների համար։
«Խոշոր ընկերությունները պիգմենտներն օգտագործում են ամեն ինչի, օրինակ՝ ներկերի եւ տեքստիլի համար: Նույն պիգմենտներն օգտագործվում են դաջվածքների ներկերի մեջ»,- հավելել է նա։