Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց, պատժամիջոցային պատերազմի մեկնարկից եւ լոգիստիկ շղթաների խափանումից գրեթե անմիջապես հետո համաշխարհային շուկաներում հացահատիկի գները բարձրացան, իսկ մինչեւ ամառ նույն կերպ կտրուկ նվազեցին (ցորենի համար դրանք գարնանից ընկել էին մոտ 40 տոկոսով, եգիպտացորենի համար՝ 25 տոկոսով):
Այս պայմաններում Հայաստանն ավելացրել է հացահատիկի ներմուծումը։ Մասնավորապես, 2022 թվականի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 187 392 տոննա հացահատիկ (սա ներառում է եգիպտացորենի եւ գարու ներմուծման տվյալները՝ համապատասխանաբար 38 998 տոննա եւ 18 176 տոննա)՝ 47 մլն դոլար ընդհանուր ծավալով։
Ցորենի ներմուծումը կազմել է 130218 տոննա՝ 34,4 մլն դոլար արժողությամբ։
2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներմուծվել է 166 289 տոննա հացահատիկ (ներառյալ եգիպտացորենի եւ գարու ներմուծման տվյալները՝ համապատասխանաբար՝ 66 666 տոննա եւ 34 584 տոննա)՝ 33,8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Ցորենի ներմուծումը կազմել է 65 039 տոննա՝ 14,4 մլն դոլար արժողությամբ։
Ստացվում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում հացահատիկի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով, իսկ ցորենի ներմուծումը՝ կրկնակի։
Հայաստան հացահատիկ ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, որտեղից, ըստ որոշ կանխատեսումների, 2022 թվականին ցորենի արտահանումը կաճի մինչեւ 32-33 մլն տոննա։