Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։
«Մեր քննարկումները եղել են բաց եւ արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Հաճելի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են առարկայական ջանքեր գործադրել երկու երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Ըստ նրա՝ առաջնորդները հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել պայմանագրի տեքստի նախագծի վրա աշխատելու նպատակով։
Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ հանդիպմանը մանրամասն քննարկվել են մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, Ադրբեջանում պահվող հայ գերիներին և անհայտ կորածների ճակատագրի հարցը։ Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։
Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ անդրադարձել են առաջընթացին սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի շուրջ, ինչպես նաև այն, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: «Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում»,– ասվում է հայտարարությունում։
Շառլ Միշելը նշել է, որ հանդիպմանն անդրադարձել են նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման եղանակների վերաբերյալ քննարկումների շուրջ առաջընթացին:
Եվրոպական խորհրդի նախագահը նաեւ շեշտել է երկու երկրների բնակիչներին երկարատեւ ու կայուն խաղաղության պատրաստելու կարեւորությունը։ «Այս առումով կարեւոր է հանրությանը ճիշտ ուղերձներ հղելը, այսպիսի զգայուն իրավիճակում հանրային ցանկացած խոսք լսում եւ հետեւություններ են անում նաեւ մյուս կողմում»,- ասել է նա։Հայտարարությունում նաև ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում նույնպես ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Հայտարարության վերջում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։