Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, թուրք ժողովուրդն էլ պատրաստ է համաշխարհային խաղաղությունը ողջունելու. Ստամբուլյան իրականությունը տեղացիների աչքերով

«Զրույց» շաբաթաթերթը և «progressarmenia.com»-ը շարունակում են անդրադառնալ Ստամբուլում հայ համայնքի առօրյային, առկա խնդիրներին եւ հնարավոր լուծումներին:

Այս անգամ զրուցել ենք Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիրներ՝ Էդուարդ Տանձիկյանի և Բագրատ էստուկյանի հետ, որոնց հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

-Ի՞նչպիսին էր շաբաթաթերթը հիմնադրի օրոք և այսօր, ի՞նչ պակասեց Դինքի հետ կատարվածից հետո:

-Հրանդ Տինքի սպանութիւնով թերթը աւելի տեսանելի դարձաւ, բաղդատմամբ իր հիմնադիրի կենդանութեան օրերուն: Ակօս իբրեւ քաղաքական- հասարակական շաբաթաթերթ, իր ընդդիմադիր քաղաքական ոճով կը տարբերի առհասարակ սփիւռքեան եւ յատկապէս ալ պոլսահայ մամուլի աւանդութենէն: Որպէս հայերէն- թրքերէն երկլեզու հրատարակութիւն, ան ունի մեծ թիւով ոչ հայ ընթերցողներ: Այս զանգուածի համար Ակօս հետաքրքրական այլընտրանք մըն է, ուր կարելի է իմանալ հայու եւ նաեւ Հայաստանի մասին տեղեկութիւն:

-Արդյո՞ք «Ակոս» -ը,   իր  առաքելությունն  իրականացնում է  եվ   կարողացել է իր ընթերցողների շրջանում պահպանել դերն ու նշանակությունը: 

-Միանշանակ այո: Թերթը յաջողած է իր անկախ դիրքը պահել, առանց ենթարկուելու այս կամ այն իշխանութեան լուծին: Առանց դառնալու ոեւէ կուսակցութեան փող: Անշուշտ որ բաւականին սուղ կ’արժէ այս սկզբունքը, քանի երբ ուրիշ թերթեր կ’օգտուին համայնքային նիւթական օժանդակութենէ: Ակօս իր առաքելութիւնը կը շարունակէ միայն ընթերցողներու զօրակցութիւնով:

-Ի՞նչպես են անդրադարձել վերջին մեկ տարվա զարգացումները Թուրքիայի ներքին կյանքի վրա։ Հայտն է, որ Թուրքիան ևս տնտեսական մեծ կորուստներ է ստացել ինչպես պատժամիջոցների, այնպես էլ բնական արհավիրքների և քովիդի արդյունքում։

-Ինչպէս այլ երկիրներ, Թուրքիա եւս վերջին մէկ տարուայ ընթացքին մատնուեցաւ Քովիտ 19 համավարակի փորձանքին: Ան իր բացասական դերակատարութիւնը ունեցաւ երկրի արդէն իսկ անկայուն տնտեսութեան վրայ: Թրքական լիրան յարատեւօրէն արժէզրկուեցաւ, որուն հետեւանքով աճեցաւ սղաճը, աղքատացնելով մանաւանդ աշխատուժով ապրուստ եւ օրապահիկ ապահոված զանգուածը: Երկիրը ողողուեցաւ զանազան գայթակղութիւններրրով: Ամառնային ամիսներուն պատահած անտառներու հրդեհները շուտով վերածուեցաւ քաղաքական բանավէճերու: Նաեւ երկրի արտաքին քաղաքականութիւնը ենթարկուեցաւ մեծ ալեկոծումներու: Զինեալ գործողութիւններ կատարեց Սուրիոյ, Իրաքի, Լիպիոյ եւ Արցախի մէջ: Սակայն այս բոլորը իրենց արժանի արձագանքը չեն գտած երկրի հասարակութեան մեծամասնութեան մէջ:

– Ի՞նչպես են Թուրքիայի իշխանություններն արձագանքում ապաշրջափակմանը:

-Թուրքիոյ իշխանութիւններուն մօտ ընդհանրապէս լռութիւն կը տիրէ նախ Հայաստանի դէմ շրջափակման եւ ներկայիս ալ ապաշրջափակման մասին: Թուրքիա կարծես թէ դիւանագիտական հարաբերութիւնները մերժողը եւ երկրի դէմ շրջափակում գործադրողը ուրիշը ըլլայ, այս պահուն կը փորձէ իր սխալը սրբագրելու համար նոր նախապայմաններ առաջադրել:

-ՀՀ վարչապետը հայտարարել է, որ մուտք ենք գործում խաղաղության դարաշրջան, շարքային թուրքը, ապա նաև թուրքական կառավարությունը պատրաստ է արդյո՞ք, ըստ Ձեզ ձեռք մեկնել խաղաղության հաստատմանը տարածաշրջանում:

-Խաղաղ ժողովուրդներու համար մեծ հիասթափութիւն մըն է երրորդ հազարամեակի առաջին քսան տարիները, խաղաղութեան դարաշրջանի մը երազանքի առումով: Ինչպէս աշխարհի բոլոր ժողովուրդները, թուրք ժողովոգրդն ալ պատրաստ է համաշխարհային խաղաղութիւնը ողջունելու: Բայց «Ազատ շուկայի տնտեսութիւն» կարգախօսը բոլոր երկիրներու պարտադրած նոր ազատամիտ դրամապաշտութիւնը մեծ ակնկալութիւններ ունի միջազգային պատերազմներէ: Եւ այդ միտքն է որ կը տիրէ մի քանի բացառութեամբ աշխարհի բոլոր երկիրներու մէջ:

-Ինչպես է թերթը կարողանո՞ւմ հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել ՀՀ ում տեղի ունեցող զարգացումները։

-Ինչպէս վերեւ ալ նշուած է, Ակօս իբրեւ անկախ թերթ, խնդիրները կը դիտէ իր խմբագրական կազմի ազատ գաղափարներով: Ուրախութեամբ արձանագրենք թէ այդ գաղափարները մեծաւ մասամբ կը համապատասխանեն աշխարհասփիւռ հայութեան կողմնորոշումներուն: Նոյնիսկ թերթը յանուն խօսքի ու կարծիքի ազատութեան, չի միջամտեր իր յօդուածագիրներու տարաբնոյթ գրութիւններուն, որքան ատեն որ անոնք չեն հատեր թերթի ատելութեան պատգամներէ, հայհոյանքէ եւ ցեղապաշտութենէ հեռու մնալու մասին սկզբունքները:

Հ. Գ. Վերոնշյալ հարցերին պատասխանել են «Ակոս» շաբաթաթերթի խմբագիրներ՝ Եդուարդ Տանձիկյանը և Բագրատ Էստուկյանը:

Զրույցը վարեց «Զրույց» շաբաթաթերթի խմբագիր՝ Կարինե Սարգսյանը:

Ստամբուլ-Երևան

Spread the love