Գեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա

Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին  հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։

Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։

«Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։

Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։ 

Spread the love