ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան, իրավիճակի մոնիտորինգի աշխատանքային խումբ կստեղծի

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, արխիվ

Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ, Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ռազմական դաշինքը։

Ըստ հաղորդագրության` առաքելությունը պետք է տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման վերաբերյալ զեկույց պատրաստի աշնանը Երևանում նախատեսվող Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ գագաթնաժողովին ներկայացնելու համար։ Այցի ժամկետների մասին չի հաղորդվում:

Հաղորդվում է, որ hեռավար կարգով անցկացված փակ նիստին ռազմական դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները համաձայնության են եկել նաև Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։

ՀԱՊԿ տարածած տեքստում նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակիցներին ներկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշ հատվածներում ստեղվծած իրավիճակը, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է ստեղծված լարվածության թուլացմանն ուղղված ռուսական կողմի գործնական քայլերի մասին:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից և անկեղծ փոխանակում։ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ և հանդես են եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների վրա, ասված է հաղորագրության մեջ։

Պաշտոնական Երևանը հերթական անգամ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին է դիմել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ հարձակողական գործողությունների ֆոնին։ Թե ինչ խնդրանքով է դիմել հայկական կողմը, հայտնի չէ. Հայաստանի իշխանությունները , ինչպես նաեւ ՀԱՊԿ ղեկավարությունը չեն հստակեցրել՝ ինչ է կոնկրետ խնդրել Երևանն իր դաշնակիցներից՝ ռազմական օգնությո՞ւն, թե՞ խորհրդատվական աջակցություն։

Spread the love