Ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը․ Մակրոն

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին:

Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները:

ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Բացի դրանից, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել:

Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:

Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղությունուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:

Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր, տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները:

Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար:

Ի վերջո մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Նյու Յորք այցից հետո Փարիզ գալու համար, որպեսզի կարողանանք խոսել, քննարկել հարցեր:

Եվս մեկ անգամ ընդգծում եմ Ֆրանսիայի հանձնառությունը` Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի համար խաղաղության և կայունության հասնելու գործում: Ողջունում եմ Ձեր պատասխանատվության զգացումը և Ձեր դիրքորոշումը` ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ, որպեսզի Ձեր երկիրն ունենա հանգիստ և խաղաղ սահմաններ:

Շնորհակալություն»:

Spread the love