Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ, պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարեւանների հետ, մենք այլեւս չենք կարող վերականգնել Սովետական միության 70 տարվա իրողությունը: Մենք նորից քարը քարին պետք է պետություն կառուցենք»,– ասաց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Վեհափառի և Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել էր ստորագրել կապիտուլյացիոն թուղթը, այն նախագահը, որը ժամանակին հանձնել էր Արցախը, առաջին նախագահն ասաց․ «Ես շնորհավորում եմ, ով է գրել՝ չգիտեմ: Ես չեմ մեկնաբանում ուրիշի խոսքերը։ Ինչ ուզում են թող ասեն»։

Անդրադառնալով հանդիպման մասին հայտարարության իր տարբերակին, որում ասվում էր, որ օրվա խնդիր են համարում «ազգային համախմբման կայացումը եւ իշխանության ու ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսության սկզբնավորումը», առաջին նախագահն ասաց, որ եթե նստում են երկխոսության, ապա պետք է հասկանալ, թե ինչի շուրջ են նստում:

«Իմ առաջարկն էր երկխոսություն իշխանությունների հետ, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի: Մեր ամբողջ հասարակությունը ինֆորմացիա չունենք թե ինչ է ընթանում: Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն մեկ հոգի Նիկոլ Փաշինյանը: Գուցե նա կիսվում է իր նեղ շրջապատի հետ: Այնտեղ գուցե երկու-երեք հոգի լինեն, որ գիտեն ամբողջ ճշմարտությունը: Գիտեն՝ ինչ է առաջարկում Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն: Ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Վեհափառը ոչ մեկս չենք տիրապետում այդ ինֆորմացիային»,– ասաց նա:

Spread the love