Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատվում է Արցախի հիմնախնդրի գործընթացից եւ սա դրական զարգացում է եւ դրական միտում է:Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Փաստացի Ղարաբաղի հարցի շուրջ դժվար է երկկողմանիորեն ընդունելի որոշման գալ եւ սա իր հետեւիցվ բերում է նաեւ Հայաստանի նկատմամբ որոշակի ոտնձգությունների, եւ Հայաստանը կոնկրետ խնդիրների է առնչվում` պայմանավորված նրանով, որ այս հարցը չի լուծվում եւ հնարավոր լուծման հեռանկար, որը կտեղավորվի առնվազն մեր պատկերացումների շրջանակներում եւ այն պատկերացումների,որն Ադրբեջանի ղեկավարությունը կամ հանրությունը ունի, մոտ ապագայում դժվար է պատկերացնել նման սցենար եւ նման լուծում: Հետեւաբար այս երկու գործընթացներն իրարից տարանջատելով նվազագույն հարցը, որ մենք լուծում ենք ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կաևգավորման գործընթացի արագացումն է»,- ասաց նա:
Նրա խոսքով` արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման միակ ռեսուրսը միջազգային հանրության ճնշումներն են, այլ ռեսուրս` ռազմական, քաղաքական, տնտեսական, Հայաստանը չունի ուղղակի:
«Որպեսզի մեր հանրությունը շատ հստակ հասկանա այս քաղաքական գործընթացների Ղարաբաղին առնչվող կոնտեքստը, մեր դիրքորոշումները պետք է առավելագույնս ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որը որ առնչվում է Արցախի շուրջ ընթացող զարգացումներին: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը 21-րդ դարում կարող է հանդուրժել էթնիկ զտման որեւէ դրսեւորում եւ պետք է հստակ ձեւակերպվի Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության մեր գործընկերների հետ շփումներում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի մեջ կա նշում, որ Արցախի հարցով բանակցությունները կշարունակվեն այլ ֆորմատով, եւ կա արդյոք նշում, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի Արցախը Ադրբեջանի մեջ ներառելով, Աղաջանյանն ասաց, որ այդ մասով քննարկումներ չեն եղել, այդպիսի պահանջ չկա:
«Երբ հնչում են նման ձեւակերպումներ` որ մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ հանձնել են Արցախը, այդ մարդիկ անարգում են նրանց հիշատակը, ովքեր զոհել են իրենց կյանքը` ապահովելով արցախցիների անվտանգությունը, թույլ չտալով իրականացնել էթնիկ զտում: Որպեսզի ինչ-որ բան տաս, նվիրես կամ հանձնես, դա պետք է քոնը լինի այս պահի դրությամբ, ես կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը որեւէ ներգրավվածություն, ներկայություն չունի Արցախում եւ արցախցիների անվտանգության երաշխավորը ըստ եռակողմ պայմանավորվածության վերապահված է ռուս խաղաղապահներին»,-ասաց նա:
Ավելի ուշ Աղաջանյանն ուղղեց ինքն իրեն` ասելով, որ սխալ է իր ձեւակերպումը Արցախի մասով, որ այն քոնը չէ, ավելի ճիշտ կլինի ասել, որ դժվար է զիջել այն, ինչի նկատմամբ չունես վերահսկողություն:
Աղաջանյանի խոսքով` վաղ է խոսել Արցախից խաղաղապահների դուրս գալու մասին, սակայն այդ ռիսկը կա, բայց ոչ հիմա:
«Ես ուզում եմ արձանագրել, որ արցախցիների անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահների ներկայությունն է, եւ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ դեռ վաղ է այդ հարցերի մասին քննարկումները»,- հավելեց նա: