Հայաստանում բնակարանների վարձերի գները վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են մոտավորապես 40-50 տոկոսով։ Այս մասին տեղեկացանք «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Սերոբյանը։
«Բնակարանների սակավաթիվ լինելու արդյունքում այս պահի դրությամբ ունենք արդեն իսկ աճած գների վրա նորից աճ՝ կրկնակի, եռակի։ Այս պահի դրությամբ հիմնական աճը գրանցվել է Արաբկիր, Կենտրոն համայնքներում եւ դրան մոտ համայնքներում»,- նշեց Անի Սերոբյանը։
Սերոբյանն ասաց, որ Կենտրոն համայնքում մեկ կամ երկու սենյականոց բնակարանի վարձակալության գները սկսվում են 1200 դոլարից. «Եթե խոսում ենք նորակառույց շենքերի մասին, արդեն խոսքը գնում է ավելի մեծ թվերի մասին՝ ամենաքիչը 1600-1700 դոլար։ Ինչը վերաբերում է ծայրամասերին, ապա այնտեղ մեկ սենյականոց բնակարանի գինը սկսում է 500-600 դոլարից։ Շենգավիթում ունենք բնակարաններ նախկինում 400-500 դոլարով, որոնք հիմա հասել են 1000 դոլարի»։
Գործակալության մենեջերի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում այն համայնքներում են նախընտրում բնակարան վարձել, որտեղ հասարակական տրանսպորտի հասանելիություն կա. «Այդ պատճառով ամենաշատ աճը գրանցվել է Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում»։
Նա նշեց, որ վարձակալության գներն աճել են նաեւ մարզերում. «Մի ժամանակահատված ծրագրավորողների մեծ հոսք կար, որոնց համար այդքան տարբերություն չկար՝ Կենտրոն կլինի, թե՝ մարզ, նախընտրում էին նաեւ Երեւանին մոտ քաղաքներում վարձակալել, օրինակ՝ Էջմիածին, Աբովյան եւ այլն։ Նույն 40-50 տոկոս աճը գրանցվել է նաեւ մարզերում։ Ոչ թե մարզի, այլ բնակարանի ու շենքի որակի խնդիրն է։ Եթե լավ նորոգված բնակարան է, կարող է եւ Աբովյանում էլ 600 դոլար լինել»։
Անի Սերոբյանի խոսքով՝ վարձակալության գների կտրուկ աճը պայմանավորված է ՌԴ-ից եկած քաղաքացիների հոսքով. «Կան ընտանիքներ, որոնք տեղափոխվում են մշտական բնակության եւ կան մարդիկ, որոնք եկել են ժամանակավոր։ Կան նաեւ մարդիկ, որոնք հիմնովին են տեղափոխվել. այս հանգամանքը նաեւ ազդելու է հետագայում տան վարձի գների նվազման վրա, եթե մարտին հոսքն աճեց ու հույս ունեինք, որ աշնանը հետ կգնան այդ մարդիկ, ապա այս պահին արդեն ունենք դեպքեր, երբ նրանք իրենց բիզնեսներն են տեղափոխում Հայաստան եւ պատրաստվում են մնալ այստեղ»։
Գործակալության մենեջերը նշեց, որ այս պահին 100 հազար դրամով դժվար է Երեւանում բնակարան վարձելը. «100 հազար դրամով բնակարան կարող են գտնել բավականին հեռու համայնքներում»։