ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 250,3 մլրդ դրամ, որը 23 մլրդ դրամով ավելի է 2022 թ. հաստատված բյուջեից: Կրթության ոլորտին կուղղվի նախարարության ամբողջ բյուջեի 77 տոկոսը. գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը եւ երիտասարդությանը՝ 1 տոկոսը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:
Կապիտալ ծախսերը 8 մլրդ դրամով ավելի են լինելու 2022 թ. համեմատ, ինչը պայմանավորված է սպորտի եւ կրթության ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերով:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2023 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ու ծրագրերը: Քննարկմանը մասնակցել են նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալները:
Նախարարությունը գալիք տարում իրականացնելու է բյուջետային 20 ծրագիր. ոլորտների բյուջեն ընթացիկ տարվա համեմատ 2023 թ. կավելանա 23,5 մլրդ դրամով: Նախարարը նշել է, որ թեեւ ոլորտում խնդիրները բազմազան են եւ բազմաշերտ, այնուամենայնիվ, հաստատակամ են՝ լուծելու բոլոր խնդիները:
Կրթությանը հատկացվելու է միջոցների մեծ մասը. այս տարվա համեմատ աճը կազմում է 10 տոկոս կամ 16 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է հանրակրթությանը:
Կշարունակվի ուսուցիչների մասնագիտական առաջխաղացմանն ուղղված ծրագիրը, ինչի արդյունքում էլ կշարունակվի նրանց աշխատավարձերի բարձրացումը:
Լրացուցիչ լրավճարներ կհատկացվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչների համար:
4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:
Բուհերի մրցունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքներ կտարվեն՝ արդյունքային ցուցանիշների հիմքով բուհերի ֆինանսավորմանն անցնելու ուղղությամբ:
Նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում մինչեւ 2025 թ. նախատեսվում է եւս 5 նոր մասնագիտության ներդրում՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի ֆինանսական հատկացումներով: 2023 թ. այդ նպատակով նախատեսված է հատկացնել 1,3 մլրդ դրամ: Նշենք, որ գյումրեցի հանրահայտ մարզիկի անվան մարզադպրոցը կառուցման փուլում է: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցով՝ նշելով, որ մարզադպրոցի կառուցումը նախատեսված է կարծես թե 2023 թ.:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը պարզաբանել է, որ դա լինելու է ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց, այլ մարզահամալիր, որտեղ երեխաները մարզվելու են 9 տեսակի մարզաձեւերով: Ավարտից հետո այնտեղ որոշ մարզաձեւերից նույնիսկ աշխարհի առաջնություններ կարող են անցկացվել: Կառույցը նախատեսված էր շահագործման հանձնել 2025 թ., սակայն քաղշինը խոստացել է հանձնել 2024 թ., եւ այդ տարի եւս հատկացումներ լինելու են: Կառույցը վերջնական տեսքի կբերվի 2024 թ.:
Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցին, այստեղ նույնպես սկսվել են որոշակի աշխատանքներ: Լինելու է մարզապալատ, որում գործելու է նաեւ երեխաների համար նախատեսված ժամանցի կենտրոն: Փոխնախարարի խոսքով Արթուր Աբրահամը գնել է հողը, որը նվիրելու է պետությանը: Կառույցի նախագծային աշխատանքներն էլ իրականացնում է «Արթուր Աբրահամ» հիմնադրամը: Կարեն Գիլոյանը պարզաբանել է, որ ամենայն հավանականությամբ, այն կգործի որպես ՓԲԸ: Նա հավելել է, որ նույն կերպ այժմ աշխատանքներ են տարվում նաեւ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց ունենալու ուղղությամբ:
Նախարար Վահրամ Դումանյանը, ի պատասխան հնչած հարցի, թե արդյո՞ք նշվելու է Հայկական կինոյի 100-ամյակը, ասել է, որ Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը գալիք տարի նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Առաջիկայում կքննարկվեն միջոցառումների ծրագրերը: