ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով Բոգդան Կլիխին խորհրդարանում, նշել է, որ այս տարին խորհրդանշական է երկու երկրների համար. հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է: Նա գոհունակությամբ փաստել է, որ այս տարիներին արձանագրվել է հարաբերությունների դինամիկ զարգացում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի ձեւաչափը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նշելով, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան՝ նա գնահատել է նման բարձր մակարդակի երկխոսության հնարավորության ընձեռումը:

Էդուարդ Աղաջանյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել մի շարք կարեւոր հումանիտար խնդիրների, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օր առաջ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ Հայաստանն ակնկալում է լեհ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող ջանքերին:

Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ երեկ է վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Նա հյուրին ներկայացրել է իր եւ գործընկերների մտահոգությունն Արցախում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարութունների վերաբերյալ:

Բոգդան Կլիխը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք ակնկալում ենք տարածաշրջանում հասնել անվտանգության շատ արագ փոխակերպման: Անվտանգության ճարտարապետությունն արագ փոփոխվում է, եւ մենք՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, փորձում ենք առավել զարգացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում: Մենք ունենք բավականին փորձառություն եւ պատրաստ ենք ծանոթացնել Հայաստանին եվրոպական գործիքակազմին, ինչն օգտակար կլինի»,- ասել է նա:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Spread the love